«Հայաստան» հիմնադրամը կմշակի առաջիկա 25 տարիների գործունեության տեսլականը

Armenpress 17:05, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է մշակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության տեսլականն առաջիկա 25 տարիների համար: Այս առաջարկը հնչեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:

«Նիստում հնչեցին մի շարք առաջարկություններ հիմնադրամի գործունեությունն ավելի բարելավելու ուղղությամբ: Կարծում եմ, որ պետք է այսօրվա քննարկումների, առաջարկությունների վրա հիմնվելով, ներկայացնել 2 փաստաթուղթ: Մեկը պետք է վերաբերի հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելուն, որովհետև իրականությունը փոխվել է, Հայաստանն այժմ խորհրդարանական պետություն է: Առաջարկում եմ, որ մյուս փաստաթուղթը վերաբերի հիմնադրամի գործունեությանն առաջիկա տարիների համար: Այսինքն՝ հասկանանք, թե ինչպես պետք է հիմնադրամն առաջ շարժվի հաջորդ 25 տարվա ընթացքում: Ես ակնկալում եմ, որ այդ առաջարկությունները կլինեն համարձակ, նպատակաուղղված այն խնդրին, թե ինչպես լավացնենք և բարելավենք հիմնադրամի գործունեությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ նախագահը:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նույնպես առաջարկությամբ հանդես եկավ՝ կապված բարեգործությունը հարկերից ազատելու հետ:

«Մենք կարող ենք քայլ անել, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի առումով օրենքի ուժով ընդունենք մոտեցում, որ այն գործարարները, որոնք կիրականացնեն բարեգործական նվիրատվություն, ապա այդ մասով կազատվեն հարկից: Կարծում եմ  կառավարության դա կարելի է քննարկել»,-ասաց Արա Բաբլոյանը:

1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ որպես եզակի կառույց՝ կոչված համախմբելու Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին ու նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կայուն զարգացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am