Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում

Armenpress 16:50, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքի դրոշները տիեզերական ուղևորության են «մեկնել» դեպի Միջազգային տիեզերական կայան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանն ասաց, որ իրադարձությունը բացառիկ է, քանի որ բացի Հայաստանի դրոշից, նաև Երևանի 2800-ամյակին նվիրված դրոշն է հայտնվել տիեզերքում: «Նախաձեռնությունը երկրի ճանաչողությունը բարձրացնելու նպատակով է արվել: Տեղի հայերի մոտ իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել»,-ասաց նա:

Դրոշները տիեզերքում հայտնվել են ՌԴ հերոս, տիեզերագնաց-փորձագետ Օլեգ Արտեմևի շնորհիվ, ով 2018 թվականի մարտի 21-ից «Союз МС-08» տիեզերանավի անձնակազմի՝ NASA-ի տիեզերագնացներ Էնդրյու Ֆոյսթելի եւ Ռիչարդ Առնոլդի հետ ուղևորվել է երկարատեւ գիտարշավի։

Տիեզերական անձնակազմը Երկիր կվերադառնա 2018 թվականի սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ այդ դրոշները կհանձնվեն Հայաստանի Հանրապետության նախագահին եւ Երեւանի քաղաքապետին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am