ՀՀ ԱԺ աշխատակազմը եւ կորեական KOICA գործակալությունը ձեռք են բերել տեխնիկական վերազինման աջակցության պայմանավորվածություն

Armenpress 15:42, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA-ի) պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով տեղի է ունեցել մայիսի 12-19-ը՝ որպես 2017 թվականի ընթացքում անցկացված բանակցությունների եւ կատարված աշխատանքների շարունակություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից,  այցի շրջանակում քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ KOICA-ի համագործակցության ծրագրերն ու հեռանկարները:

Պատվիրակությունը ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ՀՀ խորհրդարանին ընդլայնված ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրելու հնարավորություններն ու բովանդակությունը՝ Ազգային ժողովի դերակատարության բարձրացման ու լիազորությունների ընդլայնման պայմաններում:

Քննարկման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ հանրային լսումների ու հանձնաժողովների նիստերի դահլիճների տեխնիկական վերազինման վերաբերյալ՝ ներառյալ համաժողովների անցկացման, ինչպես նաեւ համաժամանակյա թարգմանության համար անհրաժեշտ համակարգերի վերազինում: Տեխնիկական վերազինումը զուգակցվելու է ԱԺ տեխնիկական եւ կառավարող անձնակազմի վերապատրաստման ծրագրերով, որոնց շրջանակում սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերոնշյալ աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով Հայաստան կայցելեն KOICA-ի փորձագետները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am