Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են. պարզաբանում է այգու տնօրինությունը

Armenpress 17:25, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բուսաբանական այգում 500 ծառի հատման վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրինությունը՝ «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության միջոցով:

Նշվում է, որ այգում ոչ մի ծառ չի հատվել, այլ հակառակը` մարտ ամսին հենց 500 ծառ տնկվել է` կաղնի, սոճի, հացենի, թխկի և դրանք մոտ 3-4 տարեկան են:

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի Հայաստանի անտառային տեսակների արդեն իսկ նախկին տնկարանի տարածքում 2013  թվականին իրականացվել է ծրագիր, որի նպատակն է եղել ծառեր աճեցնել, ապա վերաբնակեցնել անտառային տարածքներում: Այդ պայմանագիրն ավարտվել է 2015 թվականին:

«Մենք տեսագրություն ունենք, որ այս տարածքում, որի վերաբերյալ ահազանգեր կան` ծառեր չեն հատվել, քանի որ այնտեղ ծառ չի էլ եղել: Այդ տարածքում, որն ամայի է` ժամանակավոր երկաթե կոնստրուկցիա է կառուցվել: Այն մոտ 3 ամիս` ամառային սեզենին, ծառայելու է տարբեր միջոցառումների, կոնֆերանսների, գուցե և համերգների համար, ինչից հետո կապամոնտաժվի: Միայն հատակ է լինելու և վերևում փակող ոչինչ չի լինելու»,- նշված է հաղորդագրությունում:

Առաջիկայում նախատեսվում է Բուսաբանական այգում 100 սոճի տնկել: 

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարներն ու տեսանյութը` ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am