Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում. Զախարովա

Armenpress 14:46, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և առաջիկայում էլ շարունակելու է նույն գործելաոճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա ընդգծել է, որ ցանկություն կա հասնելու հակամարտության կարգավորմանն այն միջոցներով, որոնք ընդունված են ու փորձված իրենց արդյունավետությամբ:

«Մենք ակտիվ դերակատարություն ունեցել ենք և շարունակելու ենք ունենալ՝ բոլոր կողմերի հետ սերտ շփման մեջ լինելով»,- հայտարարել է Զախարովան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն է իրականացում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այն համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am