Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Armenpress 17:50, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը: Կորեայի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ իր բոլոր նախաձեռնություններում, ինչպես նաև հարատև բարեկեցություն Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Կորեայի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից պատիվ ունեմ Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 

Վստահ եմ, որ Ձեր ընտրությունն արտահայտում է երկրի քաղաքացիների ձգտումը դեպի փոփոխություններ և բարեփոխումներ: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ և առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց կգրանցի իր ճանապարհին դեպի կայունություն և բարեկեցություն:  1992 թվականից՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, Կորեայի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը զարգացրել են բարեկամական և համագործակցային կապեր: Ես ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ սերտ երկխոսության միջոցով առավել ամրապնդել առկա գործընկերությունը»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am