Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հույս է հայտնել

Armenpress 15:19, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է բազում հաջողություններ՝ նշելով, որ ակնկալում է մոտ ապագայում հանդիպել ՀՀ վարչապետի հետ:

«Հույս ունեմ, որ հայ-լեհական բարեկամական, պատմական հարաբերությունները, որոնք ցանկանում ենք խորացնել բոլոր բնագավառներում, շարունակելու են զարգանալ: 

Որպես Եվրոպայի համար տարածաշրջանում ռազմավարական կարևորություն ունեցող երկիր' Հայաստանը մեզ համար էական գործընկեր է, որը ներգրավված է քաղաքական և տնտեսական ոլորտներում թե´ եվրասիական, թե' եվրոպական համագործակցության շրջանակներում: Այն նաև երկկողմ հարաբերություններում ստեղծում է բարենպաստ մթնոլորտ նոր նախաձեռնությունների և գործողությունների համար: 

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը կգործադրի հնարավոր ամեն ջանք ամրապնդելու երկրի դիրքը միջազգային ասպարեզում, ապահովելու նրա անվտանգությունը, ինչպես նաև շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները»,- ասված է շնորհավորական ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am