Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները կվերանան օրենսդրական փոփոխությունների արդյունքում. ԿԲ նախագահ

Armenpress 16:38, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու մեխանիզմներ առաջարկելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ այս պահին կառավարության հետ համատեղ գործընթացներ են իրականացնում:

«Դրա համար որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն: Վարչապետն արդեն հանձնարարականներ տվել է համապատասխան մարմիններին, շատ արագ կտեսնեք արձագանքը: Կլինեն օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում այդ տույժ-տուգանքները կվերանան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ջավադյանը:

Արթուր Ջավադյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև բյուջետային տարբեր մեխանիզմների միջոցով գյուղատնտեսության ոլորտին աջակցելու մասին` ընդգծելով, որ խոսքը սուբսիդավորման մասին է: «Վարչապետը նաև ասաց, որ հնարավոր է ստեղծել նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքել և դրա հաշվին գյուղացիների վրա եղած բեռը թեթևացնել»,- մանրամասնեց Ջավադյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում անդրադարձավ գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու հարցին` ընդգծելով, որ հարցը քննարկել է ԿԲ նախագահի հետ և հանձնարարել է դրանք վերացնելու մեխանիզմներ առաջարկել:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am