Տեխնոլոգիական նորագույն լուծումները ԱԻՆ ուշադրության կենտրոնում են. Ռոստոմյանն ընդունել է «Լոկատոր» ՓԲԸ-ի ղեկավար կազմին
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանում «Davis Instruments» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հանդիացող «Լոկատոր» ՓԲԸ-ի ղեկավար կազմին՝ ընկերության ղեկավար Արման Խաչատրյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ կառավարման ներքո գտնվող GSM ցանցով աշխատող հակակարկտային կայանքների արդիականացման և տեխնիկական կատարելագործման հնարավորությունները:
Իր խոսքում Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ՌԴ համապատասխան կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող հրթիռային կայանների գործարկման պիլոտային ծրագրից բացի՝ հարկավոր է զարկ տալ նաև տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությանը և լայնորեն կիրառել նաև ժամանակակից այն տեխնոլոգիաները, որոնք առաջարկում է տեղի արտադրողը: «Արտերկրից ներմուծվող ժամանակակից սարքավորումների կիրառությանը զուգահեռ, պետք է իրացնենք նաև տեղական ներուժը՝ նախապատվությունը տալով հայրենական արտադրողին»,-նշել է ԱԻ նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԱԻՆ-ի և տեխնոլոգիական լուծումներ առաջարկող կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նախարար Ռոստոմյանը նշեց, որ ԱԻՆ-ը բաց է համագործակցության համար, պետություն-մասնավոր համագործակցության դաշտում չպիտի լինեն մենաշնորհ դիրք ունեցող կազմակերպություններ: Որպես առաջին քայլ՝ ԱԻ նախարարը հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել ԱԻՆ 911 համակարգին ավելի մեծ թվով ընկերությունների համակցում ունենալու հնարավորությունը` նպաստելով հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների ծավալի մեծացմանը և ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: