Նիկոլաս Մադուրոյին վերընտրեցին Վենեսուելայի նախագահ

Armenpress 09:55, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել Է պետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ավելի քան 5,8 մլն ձայն (մոտավորապես 68 տոկոս): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ազգային ընտրական խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենան: «Քվեաթերթիկների 92,6 տոկոսի հաշվումից հետո մենք կարող ենք ասել, որ Նիկոլաս Մադուրոն ստացել Է 5 մլն 823 հազար 718 ձայն, (ընդդիմադիր թեկնածու) Էնրի Ֆալկոնը՝ 1 մլն 820 հազար 552 ձայն եւ Խավիեր Բերտուչին՝ 925 հազար ձայն»,- ասել Է Լուսենան: «Արդյունքներն անշրջելի բնույթ են կրում»,- նշել Է նա եւ հավելել, որ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 46,01 տոկոս:

Այսպիսով, Մադուրոն պետության ղեկավարի պաշտոնում կմնա մինչեւ 2025 թվականը:

Ընդդիմության առաջնորդ Էնրի Ֆալկոնը հրաժարվել Է ճանաչել ընտրությունների արդյունքները: «Մենք չենք ճանաչում այս ընտրական գործընթացը եւ այն անօրինական ենք համարում»,- գրել Է քաղաքական գործիչը Twitter-ում: Ֆալկոնի տվյալներով՝ ընդամենը 142 հազար դիմում Է ներկայացվել քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների եւ իր ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ: Նա պահանջել Է անցկացնել նոր ընտրություններ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրաժարվել Է օրինական ճանաչել Վենեսուելայի ընտրությունները: Համանման դիրք են բռնել Արգենտինայի, Չիլիի եւ լատինամերիկյան մի շարք այլ երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Reuters


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am