Նախագահ Արմեն Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է չվտանգել առողջությունն ու դադարեցնել հացադուլը

Armenpress 13:13, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանին հորդորել է չվտանգել առողջությունն  ու դադարեցնել հացադուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 18-ի երեկոյան Արմեն Սարգսյանը Մատենադարանի բակում հանդիպել է հացադուլ հայտարարած Գարեգին Չուգասզյանին:

Արմեն Սարգսյանի և Գարեգին Չուգասզյանի ծնողները վաղուց են ճանաչում միմյանց, նրանց միջև առկա է ընտանեկան ընկերություն:

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը կալանավորվել էր 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար: Մի քանի օր անց, սակայն, նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ եւ նրան ազատ էին արձակել: Չուգասզյանը, ում նկատմամբ, որպես մեղադրյալի, որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, հետագայում չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել էր, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2018թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալիս նա բերման էր ենթարկվել, ձերբակալվել, ապա օրեր անց ազատ արձակվել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի միջնորդությամբ: Չուքասզյանը հացադուլի մեջ է ապրիլի 24-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am