Գագիկ Հարությունյանը արդարադատության նորանշանակ նախարարին ներկայացրեց դատական համակարգում առկա առանցքային խնդիրները

Armenpress 17:20, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դատական համակարգը ներկայումս ունի այնպիսի օրենսդրական և կառուցվածքային լուծումներ, որոնք խոչընդոտներ են ստեղծում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ առաջին  հանդիպման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի  նախագահ Գագիկ Հարությունյանը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշեց, որ իր գործունեության ընթացքում ԲԴԽ-ն ստեղծել է 3 հանձնախմբեր, որոնցի մեկը ուսումնասիրում է դատարաններում ծանրաբեռնվածության վիճակը և գործերի բաշխման  ու ողջամիտ ժամկետներում քննությունների  կազմակերպման հիմնահարցը, երկրորդ հանձնախումբը ` դատարանների տեխնիկական պայմանները և հագեցվածության վիճակը, երրորդը` օրենսդրական դաշտը:

Հարությունյանի խոսքով` ներկայումս լուրջ խնդիրներից մեկն է դատարանների շենքային պայմանների հարցը:

«Մենք ունենք դատարաններ, որոնք նույնիսկ նիստերի սրահ չունեն: Սա առանձին քննարկման առարկա պետք է լինի: Մեր ուսումնասիրությունների արդյունքներն ավարտելուց հետո մենք մտադիր ենք արդեն ամփոփ առաջարկությունների փաթեթ մշակել և ներկայացել»,- ասաց Հարությունյանը:

Ըստ ԲԴԽ նախագահի` մյուս առանցքային խնդիրներից մեկն է դատարանների ծանրաբեռնվածության հարցը:

«2013 թվականին Հայաստանում քննվել է 49 հազար քաղաքացիական գործ, 2017 թվականին՝ 137 հազար: 2.8 անգամ ավելացել են այս բնագավառին առնչվող գործերը: Մեր ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ այդ ավելացումներն ունեն օրենսդրության փոփոխություններով  պայմանավորված լուծումներ, քանի որ շատ հաճախ  նույնիսկ  ոչ դատարանին բնորոշ գործերը  բարդվել են դատարանների վրա»,- ընդգծեց Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանը կարծում է, որ ստեղծվել են այնպիսի արհեստական պայմաններ, որոնց պարագայում դատաքննության  արդյունավետ հնարավորություն  չի ապահովվում:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախարարությունը հայտնի են այդ խնդիրները, և դրանց լուծման ուղիներ ու միջոցներ են փնտրվում: Նրա խոսքով` պետք է բարելավվեն դատարանների շենքային պայմանները, դատավորներին սոցիալական երաշխիքներ տրամադրվեն, բարձրացվի դատարանների արտադրողականությունը:

« Օրենսդրական բազմաթիվ լուծումներ կան, որոնք հնարավորություն կտան բեռնաթափել  դատական համակարգը: Ոչ միայն քաղաքացիական  գործերով են ծանրաբեռնված դատարանները, այլ նաև վարչական: Դա  անարդյունավետ կառավարման դրսևորում է, և մենք մեր առջև դրել ենք դրանք լուծելու խնդիր »,- ասաց Զեյնալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am