Մարտունի գետի վրա աշխատող ՀԷԿ-ի հետագա շահագործման ճակատագիրը կախված կլինի հանրային լայն քննարկման արդյունքներից

Armenpress 13:54, 18 Մայիս, 2018

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում շարունակվում են հանրային քննարկումները եւ պահանջները՝ կապված Մարտունի գետի ջրերով աշխատող փոքր ՀԷԿ -ի հետագա շահագործման հետ: Քննարկումները կայանում են տեղի հասարակական կազմակերպությունների եւ տեղական իշխանության ակտիվ մասնակցությամբ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի մոտ տեղի է ունեցել քննարկում՝ Մարտունու փոքր ՀԷԿ -ի շահագործման հետ կապված: Քննարկմանը ներկա են եղել Մարտունու համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը, ՀԿ-ի համակարգող Եղիազար Դավթյանը, ՀԷԿ -ի տնօրեն Մայիս Մկրտչյանը, սեփականատերերի ներկայացուցիչները, Մարտունի, Գեղհովիտ, Վաղաշեն համայնքների բնակիչներ:Նշվել է, որ Մարտունի գետի վրա 2011 թվականից «ՄԿՇԳ էներգիա» ՍՊԸ-ն շահագործում է 1800 կվտ հզորություն ունեցող «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը: Կարծիքներ են հնչել ՀԷԿ-ի բնապահպանական վնասակար ազդեցության մասին, ինչի համար առաջարկվել է ամբողջությամբ ապամոնտաժել հէկը: Համայնքի ղեկավարը պահանջել է, որ չապամոնտաժման դեպքում շահագործումը պիտի իրականացվի հնարավորինս անվնաս ձեւով: ՀԷԿ-ի տնօրինությունը ժամանակ է խնդրել՝ սեփականատերերի հետ հարցը քննարկելու եւ առաջարկություններին սպառիչ պատասխան տալու համար: «Մենք պայմանավորվել ենք նաեւ սեփականատերերի հետ՝ մոտ օրերս հանրային ավելի լայն քննարկում կազմակերպելու ու վերջնական պայմանավորվածության գալու համար: Մեր նպատակն է՝ սահմանել ՀԷԿ-ի միանգամայն անվնաս գործունեություն, որպեսզի դրանից չտուժի կենդանական եւ բուսական աշխարհը, իսկ մյուս կողմից էլ ՀԷԿ -ի շահագործումից առաջացած շահույթից մասհանում արվի քաղաքին, որը եւ կուղղվի որոշակի սոցիալ-տնտեսական որոշակի խնդիրների կարգավորմանը»,-ներկայացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am