Արմավիրում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Armenpress 11:25, 18 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔՆ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական  օրենսգրքի 277-րդ (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ` թունավորման պատճառը պարզելու համար: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասել է Տռուզյանը:

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտալացվել: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Դեպքի մանրամասները պարզվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am