Գոմելում տեղի է ունեցել Բելառուսի, Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի երրորդ նիստը

Armenpress 20:06, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության  Գոմել քաղաքում մայիսի 17-ին տեղի է ունեցել  Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի երրորդ նիստը, որին մասնակցում են նշված երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանը, Իվան Նոսկևիչը, Ալեքսանդր Բաստրիկինը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, կոլեգիայի աշխատանքներին մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազը, Բելառուսի Հանրապետության նախագահի խորհրդականը և Գոմելի մարզի գործադիր կոմիտեի նախագահը:

Միջոցառման ժամանակ քննարկվել է երեք պետությունների  իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ողջունելով ներկաներին՝  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը փաստել է, որ նիստի ընթացքում  կքննարկվեն համատեղ աշխատանքի արդյունքները և համագործակցությունը զարգացնելու հեռանկարները։ «Համատեղ նիստերը նպաստում են մինչդատական վարույթի արդյունավետությանը՝ փորձի փոխանակմամբ, ինչը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ հաղթահարել, լուծել միջազգային-իրավական համագործակցության ընթացքում ի հայտ եկող  խնդիրները։ Վստահ եմ,որ կոլեգիայի արդյունքում  մշակված առաջարկություններն օգտակար կլինեն և կնպաստեն  երեք երկրների քննչական կոմիտեների իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը»,- ասել է Աղվան Հովսեփյանը։

ՀՀ ՔԿ նախագահը  հանդես է եկել  նաև զեկույցով՝ տեղեկատվական հասարակության մեջ նախաքննությունն արդյունավետ կազմակերպելու ռազմավարության վերաբերյալ և ներկայացրել առկա խնդիրներն ու առաջարկություններ: Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեն տեսակետ է հայտնել առ այն, որ երեք երկրների քրեադատավարական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների  ներդրումը հնարավորություն կտա կառուցողական երկխոսություն անցկացնել և կատարել հերթական քայլը նյութական ծախսերի օպտիմալացման ճանապարհին:

Քննարկումների արդյունքներով՝ միջգերատեսչական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am