ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների աջակիցները բացել են Արշակունյաց պողոտան

Armenpress 17:03, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով մեղադրյալների աջակիցները հետևեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին և բացեցին Արշակունյաց պողոտան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակտիվիստները նման քայլով պահանջում էին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխել և ազատ արձակել ամբաստանյալներին:

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող Գագիկ Եղիազարյանի հայր` Պավել Եղիազարյանը, հայտնեց, որ ակտիվիստները որոշել են շրջափակել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը:

«Մենք որոշեցինք դադարեցնել Արշակունյաց պողոտայի արգելափակումը և բացել երթևեկությունը, սակայն դատարանի շենքը պետք է արգելափակվի` ելքն ու մուտքը: Մեր պահանջը մնում է ուժի մեջ», -ասաց Պավել Եղիազարյանը:

Հարցին` արդյոք պատրաստվում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Անշուշտ, ցանկալի կլիներ պարոն Փաշինյանի հետ հանդիպել»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության գործողությունները: Նա նշել էր, որ հասկանալի չէ ամենօրյա ռեժիմով ճանապարհների փակումն ու անհնազանդության գործողությունների իրականացնումը: «Ում ենք մենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մեզ: Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ»,- ասել էր նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am