ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Armenpress 16:40, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Յուրի Խաչատուրովը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է  ս.թ. մայիսի 23-ին  Աստանայում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում և կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ Հայաստանը այսուհետ ևս կշարունակի կառուցողական ջանք գործադրել կազմակերպության կայացման, միջազգային վարկանիշի և հեղինակության բարձրացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am