ՀՀ ԱԳՆ-ն անհանգստացած է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով

Armenpress 10:22, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում ներկայացված հայտարարության մեջ:

«Մենք մտահոգված են վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Կողմերը պետք է ցուցաբերեն  զսպվածություն եւ խոհեմություն, որպեսզի խուսափեն իրավիճակի հետագա վատթարացումից: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ տարաձայնությունները կարելի է լուծել բացառապես երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ:

Գազայում պաղեստինցիների և Իսրայելի զինված ուժերի միջև բախումների հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր: Բախումները սկսվել են Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման օրը: Թել Ավիվից դեսպանատունը տեղափոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ:  Իսրայելը հայտարարել է, որ իր բանակը պաշտպանել է երկրի սահմանները: Իսրայելի իշխանությունները նշել են, թե «Համաս»-ի զինյալները օգտագործել են ցույցի առիթը և իրականացրել հարձակումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am