Մենք շարունակում ենք կատարել մեր լիազորությունները. Տիգրան Մուկուչյանը նոր կառավարության հետ աշխատելու մասին

Armenpress 15:33, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է օրենքով սահմանված իր լիազորությունների կատարումը: Մայիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում «պատկերացնո՞ւմ եք Ձեր համատեղ աշխատանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ» հարցին ի պատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Մենք ունենք մեր գործառույթները, մեր լիազորություններն ու պարտականությունները, որոնք սահմանված են Ընտրական օրենսգրքով: Ինչպես մինչ այժմ ենք կատարել, այնպես էլ հիմա շարունակում ենք կատարել մեր գործառույթները»:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ապա, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԿԸՀ ղեկավարը նշեց, որ երբ նշանակվեն ընտրություններ այդ պահից կմեկնարկեն ԿԸՀ գործառույթները:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ձևավորվել է կառավարությունը. այդ օրը նշանակված են եղել բոլոր նախարարներն ու փոխվարչապետները: Փաշինյանը մայիսի 15-ին հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր է անցկացվեն այս տարի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am