Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը համոզված է, որ Հայաստանում տեղի ունեցած շարժումն իր արդյունքը կտա  

Armenpress 13:53, 16 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի բյուրոյի անդամ, Հրազդանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Դավիթ Հարությունյանը  լիահույս է, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն իրենց արդյունքը կտան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականացնի այն, ինչ խոստացել է, ապա Հայաստանը կընթանա զարգացման ճանապարհով:

«Ամենակարևորն այն է, որ մեր ժողովրդի կողմից ընտրվեն նվիրյալ, ազգասեր, փորձառու, բանիմաց և «մաքուր ձեռքերով» ղեկավարներ երկրի կառավարման տարբեր մակարդակներում: Կարծում եմ, այս դեպքում անիվը կպտտվի, սայլը տեղից կշարժվի: Իսկ եթե այնպիսի մարդկանց ընտրվեն, ովքեր նորից նույնը կանեն, մարդիկ ավելի շատ կհիասթափվեն: Համոզված ենք, որ ճիշտ տնտեսական հաշվարկների ու «մաքուր ձեռքերով մարդկանց» ղեկավարությամբ կարելի է հասնել աննախադեպ հաջողությունների»,- ասաց Հարությունյանը:

ՀԿԿ ներկայացուցիչը կարևորեց Հայաստանում արդարության վերականգնումը, իսկ դրա համար, ըստ նրա, արդարությունը պետք է ծնված օրվանից լինի պետական վերահսկողության տակ:

«Բացի այդ, կրթությունը, առողջապահությունը, խոշոր և, հատկապես, ռազմական նշանակության գործարանները պետք է լինեն պետական վերահսկողության տակ, եթե այս հարաբերությունները կարգավորվեն: Սա զարգացող երկրի համար նորմալ ուղեցույց է»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանն առաջարկում է նաև կրճատել նախարարությունների թիվը և վերանայել մարզպետների ինստիտուտը:

 Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղարը նշեց, որ Հայաստանի կոմկուսը 1994 թվականից մասնակցել է ընտրություններին և այս անգամ նույնպես պատրաստ է մասնակցել արտահերթ ընտրություններին:

«Իհարկե, եթե մաքուր ընտրություններ լինեն, Կոմունիստական կուսակցությունը՝ Հայաստանը կառուցած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին: Նոր սերունդը ինչպե՞ս կարող է մոռանալ մեր կառուցած գործարանները: Եթե չլիներ դավաճանությամբ աշխարհի գերհզոր երկրներից մեկի՝ ԽՍՀՄ-ի փլուզումը, որի փլատակների տակ մնաց մեր փոքրիկ երկիրը, ապա հիմա մենք 6-7 միլիոն բնակչությամբ, հզոր արդյունաբերությամբ, ժամանակակից գյուղատնտեսությամբ, ծաղկող սոցիալական ինֆրաստրուկտուրայով երկիր կլինեինք: Ինչևէ՝ ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ կոմունիստները միշտ  հետևել են Հանրապետությունում տեղի ունեցող ամեն տեսակի զարգացումներին:

«Այս շարժումը յուրահատուկ էր, սա ազգային զարթոնքի շարժում էր: Փառք Աստծո, ամեն ինչ խաղաղ ու առանց արյունի անցավ: Մեծ ցանկություն ունեմ, որ այս շարժումը ժողովրդի

նպատակին ծառայի` իրոք արդարություն երկրում հաստատվի, աշխատատեղեր բացվեն, փոխվստահության մթնոլորտ ստեղծվի»,- եզրափակեց Հարությունյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am