Հանձին Իսպանիայի ունեք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կապերի ամրապնդման համախոհ. Ռախոյը շնորհավորել է Փաշինյանին

Armenpress 18:14, 15 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես ասված է.

«Կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Հավատում եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանակներում Իսպանիան և Հայաստանը կշարունակեն սերտացնել մեր երկու ժողովուրդների միջև առկա լավ և բարիդրացիական հարաբերությունները փոխըմբռնման և համագործակցության նույն ոգով:  Կարող եք վստահ լինել, պարո՛ն վարչապետ, որ հանձին Իսպանիայի Դուք ունեք Հայաստանի և Եվրամիության միջև կապերի ամրապնդման հաստատակամ համախոհ»,-ասված է Իսպանիայի կառավարության նախագահի շնորհավորական ուղերձում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am