ՊՊԾ գործով դատապաշտպանները հանդես են եկել պաշտպանյալների կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությամբ

Armenpress 14:40, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանի  նախագահությամբ մայիսի 11-ին կայացավ  առանձին վարույթով քննվող ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասով քննվում են մեղադրյալներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործերը: 

Նախորդ մի քանի դատական նիստերը չէին կայացել հիմնականում ամբաստանյալների բացակայության պատճառով:

Սա դատավոր Արշակ Վարդանյանի մասնակցությամբ առաջին դատական նիստն է, քանի որ  այս գործը քննում էր դատավոր Արթուր Օհանյանը, ում լիազորությունները դադարեցվել էին: Պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին իրենց պաշտպանյալների խափանման միջոցը որպես  կալանք կիրառելը վերացնելու վերաբերյալ և որպես խափանման միջոց կիրառել բնակավայրից ստորագրությամբ չհեռանալը: Նրանք գտնում են, որ իրենց պաշտպանյալներին կալանավորման մեջ պահելու համար չկա որևէ հիմք:

Միջնորդություն է ներկայացվել նաև Արամ Հակոբյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Ինչպես նշեց նախագահող դատավորը, միջնորդությամբ փորձ է կատարվում պարզել ,արդյոք մեղադրյալի մոտ հիվանդությունները  դասվո՞ւմ են Կառավարության 2006 թվականի որոշմամբ հավելվածում ընդգրկված ծանր հիվանդությունների շարքին:

Մեղադրական կողմը դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությանը չառարկեց, իսկ ինչ վերաբերում է խափանման միջոցների կիրառումը փոխելու վերաբերյալ  միջնորդությանը, նրանք նշեցին, որ պետք է անփոփոխ թողնել:

Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am