Նիկոլ Փաշինյանը հանդիպել է կառավարության շենքի առջև հավաքված մի խումբ բողոքող անձանց

Armenpress 12:09, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստը վարելը շենքին մոտեցել է Հանրապետության հրապարակի կողմի գլխավոր մուտքից և հանդիպել շենքի առջև հավաքված մի խումբ բողոքող անձանց: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նա զրուցել է հավաքվածների հետ, լսել նրանց խնդիրները:

Շենքի առջև հավաքված մարդկանց մի խումբ ուներ «Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյան, հեռացիր» գրություններ, մի քանիսն էլ զոհված զինծառայողների, նաև անհետ կորած անձանց ծնողներ էին: Փաշինյանը, լսելով խնդիրները, տեղից զանգ կատարեց, տվեց հանձնարարական, ապա մտավ կառավարության շենք՝ առաջին անգամ վարելու գործադիր իշխանության նիստը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Մայիսի 8-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 59 կողմ, 42 դեմ ձայներով ընտրվեց, ապա Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՀՀ վարչապետ:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am