Հայտնի են «Եվրատեսիլ-2018»-ի երկրորդ կիսաեզրափակիչի հաղթողները

Armenpress 11:06, 11 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 10-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթից  հետո եզրափակիչ փուլ անցան Սերբիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, Դանիայի, Սլովենիայի, Նիդեռլանդների ներկայացուցիչները:

Մրցույթը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանեցին Ֆելիքս Խաչատրյանը և Ավետ Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչից հետո, որն անցկացվել էր մայիսի 8-ին,  եզրափակիչ են անցել Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

Այս երկրների մասնակիցներին եզրափակիչում կմիանան նախորդ տարի հաղթած երկրի՝ Պորտուգալիայի, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի մասնակիցները:

Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը, ով «Քամի» երգով հանդես էր եկել առաջին կիսաեզրափակիչում, դուրս է մնացել պայքարից:  

Մրցույթի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 12-ին։

«Եվրատեսիլ-2018»-ին մասնակցում են 42 երկրի ներկայացուցիչներ: Մրցույթն այս տարի կրում է «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am