Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանն առաջին ելույթն է ունեցել Հանրապետության հրապարակում

Armenpress 16:49, 8 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ընտրվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղևորվեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ առավոտից հավաքված մարդիկ սպասում էին նրան: Հրապարակում բեմահարթակից Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքով դիմեց հայ ժողովրդին:

«Այսօր դուք հաղթեցիք: Այսուհետ երբեք որևէ մեկը չի համարձակվի որևէ ոտնձգություն անել ընդդեմ ձեր այս հաղթանակի: Բայց ես ուզում եմ հստակ արձանագրենք, թե որն է ձեր հաղթանակը: Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ: Կապ չունի թե ով կլինի վարչապետ, այսօր և սրանից հետո մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով է լինելու իշխանության մեջ: Այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ պետական պաշտոնները, լինի նախագահը, վարչապետը, թե Ազգային ժողովի պատգամավորը, ընդամենը ծառայություն են ժողովրդին:

«Սրանից հետո ժողովուրդը պետք է հոգ տանի, որ բոլոր պաշտոնյաններն ազնիվ, անմնացորդ ծառայեն ժողովրդին, հակառակ դեպքում կանի իր քայլն այնպես, ինչպես արեց 2018 թվականին: Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը հայտարարում եմ, որ ծառայում եմ հայ ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի քաղաքացիներին, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ արդեն ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում»,-հավելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am