Կարեն Կարապետյանը շնորհավորել է նոր վարչապետին և մաղթել անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված

Armenpress 13:54, 8 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Կարապետյանը վայր դրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում Կարապետյանը գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար, ապա բարի երթ մաղթել նոր վարչապետին: «Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆֆեկտիվ երիտասարդներին»,-գրել է նա։

Շնորհավորելով նոր վարչապետին՝ Կարեն Կարապետյանը նրան ու հաջորդող բոլոր վարչապետերին մաղթել է բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։ «Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։ Բոլորիդ լավ տրամադրություն, լավ եղե՛ք: Շնորհակալություն»,-եզրափակել է նա:

Մայիսի 8-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից  59 կողմ, 42 դեմ ձայներով դարձավ ՀՀ վարչապետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am