Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել «Վերջին զանգի» միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը

Armenpress 19:17, 7 Մայիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայիսի 25-ին նախատեսված «Վերջին զանգի» միջոցառումները պաշտաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում ապահովել «Վերջին դասի» միջոցառումների անցկացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ուսումնական տարվա ավարտի հետ կապված դպրոցներում հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացված հսկողություն սահմանել՝ ընդգծելով, որ նման դեպք արձանագրվելու պարագայում պատասխանատուները խստագույնս կպատժվեն:

Հանձնարարվել է նաև ՃՈ հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել նախատեսվող միջոցառումների ժամանակ շրջանավարտների անվտանգության ապահովման ուղղությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am