Գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանը ներկայացրեց Առաջին աշխարհամարտի տարիներին Թումանյանի գործունեության մասին պատմող նոր գիրքը

Armenpress 17:17, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումանյանի գործունեությունը Առաջին աշխարհամարտի տարիներին» գիրքը արխիվային հարուստ նյութերով, նամակներով և գեղարվեստորեն ներկայացնում է գրողի կյանքի հետաքրքրական դրվագները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 4-ին կայացավ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի ռուսալեզու գրքի շնորհանդեսը:

«Գիրքն ընդգրկում է 1914-1918 թթ.  Թումանյանի կյանքն ու գործունեությունը: Տպագրվել է ռուսերեն այն նպատակով, որ նրա գործունեության հետաքրքրական դրվագները հանրահռչակենք նաև օտարալեզու ընթերցողի համար: Նա բազմաթիվ որբ երեխաների է օգնել, որոշերին՝ որդեգրել: 1915-ին գրողը 100 երեխաների համաճարակից փրկելու համար իր դստեր հետ Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ հաշվի չառնելով որևէ հրաման»,-ասաց հեղինակն ու հավելեց՝ աշխարհը պետք է իմանա Թումանյանի մասին:

Հովհաննիսյանը գրքում բացահայտել է բազմաթիվ նոր փաստեր: Դրանում օգտագործված են արխիվային նյութեր ինչպես Երևանից, Թիֆլիսից, այնպես էլ Պետերբուրգից: Օգտագործված են նաև Թումանյանի պատասխան նամակները, նյութեր՝ ժամանակի պարբերական մամուլից: Թումանյանն արևելահայ իրականության այն եզակիներից էր, ով Առաջին աշխարհամարտի տարիներին երկու անգամ գնացել է Արևմտյան Հայաստան՝ ականատես լինելով շատ դեպքերի:  Եվ հեղինակը գրքում օգտագործել է Թումանյանի օրագիրը, որում գրի է առել հենց այդ օրերին իր տեսածը:

Գրականագետ Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ գրքում միահյուսված են պատմագիտությունը, արխիվային վավերագրերը, ինչպես նաև գրականագիտությունը: Նա գործն արժևորեց թե Թումանյանի ստեղծագործությունների ու կյանքի և թե առաջին աշխարհամարտի մի շարք վավերագրերի ուսումնասիրման առումով: «Արխիվային մեծ նյութեր կան: Համակարգված է փաստագրական առումով»,-նշեց նա:

Գիրքը նվիրված է Թումանյանի 150-ամյակին: Այն տպագրվել է Հայաստանի ԳԱԱ-ի Հայագիտական ուսումնասիրությունների համահայկական ֆոնդի աջակցությամբ: Տպագրվել է 250 օրինակով, որոնք գտնվում են Հայաստանի Գրականության ինստիտուտի տնօրինության տակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am