Դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին. միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին

Armenpress 15:29, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 25-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության  և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ 9-րդ դասարանն այս տարի կավարտի 31 հազար 300 աշակերտ, 12-րդ ավագ դպրոցը` 9 600 աշակերտ:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքով` նախարարությունը շրջաբերական է ուղարկվել բոլոր տնօրեններին և մարզպետերին: «ԿԳՆ-ն տեսչությունը մնում է իր դիրքորոշման մեջ: Ցանկացած դրամահավաք ուսումնական հաստատություններում անընդունելի է: Ցանկացած նման դեպքի մասին ահազանգ կուսումնասիրվի և կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»,-ասաց նա:

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից: Քննությանը նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ` ԼՂՀ դիմորդները ներառյալ: «Առաջին քննությունը դիմորդները կհանձնեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաներից»,-ասաց նա: 

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2018-ի հունիսի 1-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայի քննությունը հունիսի 15-ին է: «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կհանձնեն հունիսի 19-ին, «Ռուսաց լեզու»-ն հունիսի 22-ին է:

Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am