Արմեն Սարգսյանն արաբական երկրների դեսպանների հետ քննարկել է իրադրությունը Հայաստանում

Armenpress 13:09, 4 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին՝ հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:  Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել դիվանագետներին՝ իրենց երկրներում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, որը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը, այլ նաև զարգանալ և ակտիվորեն մասնակցել այդ երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Դիվանագետները հույս են հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության և օրինականության շրջանակներում՝ կարևորելով Հանրապետության նախագահի ջանքերն այդ գործում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am