Եթե Նիկոլ Փաշինյանը հարմար գտնի, ապա մենք պատրաստ ենք հանդիպել. Կոնստանտին Զատուլին

Armenpress 16:10, 28 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը պատրաստ է հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի սրահում հրավիրված ասուլիսում Կոնստանտին Զատուլինը նշեց, որ արդեն մի շարք հանդիպումներ ունեցել են: Հանդիպել են Հայաստանի խորհրդարանի ղեկավարության՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և իր գործընկերների հետ: Այսօր կայացել են հանդիպումներ խորհրդարանի խմբակցությունների հետ:

«Ես անձամբ հնարավորություն պետք է ունենայի հանդիպելու «Ելք» դաշինքի խմբակցության ներկայացուցիչների հետ, այնուհետև՝ Դաշնակցության:  «Ելք»-ից չեկան այն կազմով, որ մենք սպասում էին, մոտ կես ժամից միացավ պարոն Միրզոյանը, ով հանդես եկավ ելույթով, պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին: Մյուսների բացակայությունը նա բացատրեց այսպես, որ վիրավորված են պարոն Ռիժկովի գնահատականներից: Ես ինքս այդ տհաճ միջադեպի ժամանակ ներկա չեմ եղել, և չգիտեմ, թե ինչ վիրավորվածության մասին է խոսքը: Ես միայն ցավում եմ, որ խմբակցության ներկայացուցիչները, որոնք բազմիցս հայտարարել են իրենց առաջնորդի վարչապետ դառնալու մասին, ահա այդպես խոցելի են, և որ պատրաստ չեն շփվել ամբողջ կազմով»,-ասաց Զատուլինը: Նա ընդգծեց, որ պատրաստ են բոլորի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկումներ անցկացնել ներքաղաքական հարցերի հետ կապված: Կոնստանտին Զատուլինը նշեց, որ տեղյակ են՝ Նիկոլ Փաշինյանը Երևանում չէ, միգուցե դրա համար չի կարողացել ներկա լինել, և իրենք դա հասկանում են:

Լրագրողների խնդրանքով, նա մեկնաբանեց Նիկոլայ Ռիժկովի գնահատականները:

«Ես չեմ պատրաստվում այստեղ ինչ-որ մեկին արդարացնել կամ ինչ-որ մեկի փոխարեն ներողություն խնդրել: Կարող եմ ասել, որ Նիկոլայ Ռիժկովը բավական ազնիվ, իր տեսակետները բաց արտահայտող գործիչ է: Նա ենթադրել է բաց խոսակցություն և խոսել է այնպես, ինչպես անհրաժեշտ է համարել: Ճիշտ է ասել, թե ոչ, կարող են գնահատել լսողները, դուք, մենք, բայց ես չեմ պատրաստվում այստեղ հանդես գալ ուսուցչի դերում և Նիկոլայ Ռիժկովին դասեր տալ: Ի դեպ, եթե չեմ սխալվում, այս տարի լրանում է նրա 90 ամյակը: Եվ ես խորհուրդ կտայի ճանճից փիղ չսարքել»,-ավելացրեց Կոնստանտին Զատուլինը:

Նա տեղեկացրեց, որ օրակարգում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպումն է:

«Կարեն Կարապետյանին ես այդքան մոտ չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ Ռուսաստանում իրեն շատ լավ գիտեն, և իրեն բարձր են գնահատում: Ուզում ենք մեր աջակցությունը հայտնել Կարեն Կարապետյանին, ում բաժին է ընկել դժվար խնդիր: Ես չգիտեմ, արդյոք նա կառաջադրվի, թե ոչ, կարող են լինել նաև այլ թեկնածուներ: Բայց իր հետ հանդիպմանը ես կխոսեմ այն մասին, որ նոր կրքեր չավելացվեն ներկա իրավիճակին: Մենք հետաքրքրված ենք, որ խնդիրը լուծվի օրինական ճանապարհով, խորհրադարանի ներսում: Ռուսաստանը ուշադիր հետևելու է գործընթացներին: Եթե այդ գործընթացը խափանվի, ով էլ լինի, փորձ անի այդ պրոցեսը  ուժի միջոցով փոխել, ապա ես վստահ չեմ, որ մենք դա Ռուսաստանում միանշանակ կընդունենք: Մենք ստիպված կլինենք գալ դե ֆակտո, այլ ոչ թե դե յուրե հարաբերություններին: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասաց նա:

Կոնստանտին Զատուլինը նշեց, որ հանդիպել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Լրագրողները խնդրեցին մանրամասներ ներկայացել Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից:

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերում բոլորին: Կարող եմ ասել, որ մենք քննարկել ենք հայաստանյան ներքաղաքական զարգացումները, նրա գնահատականները բավական սթափ են: Թե ինչ դիտարկումներ են հնչել, ես իրավասու չեմ ներկայացնելու: Կարող եմ ասել, որ պարոն Քոչարյանը հայրենասեր է, ինչպես և Հայաստանի մյուս ղեկավարները, նա ցանկանում է բարեկեցություն իր երկրին»,-հավելեց Կոնստանտին Զատուլինը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am