Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան

Armenpress 20:12, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու Սերժ Սարգսյանի որոշումը համարում է բարձր քաղաքացիական և քաղաքական քայլ: Այդ մասին ՀՀ նախագահը նշել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:  

«Ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղի ունեցան իրադարձություններ՝ ապրիլի 23-ը, ցույցեր Երևան քաղաքում, Երևանից դուրս, և հանրապետության վարչապետն ինքնակամ, իր որոշմամբ, ցուցադրելով բարձր քաղաքացիական, մարդկային որակներ՝ հրաժարվեց իր պաշտոնից: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել Սերժ Սարգսյանին այս բարձր քաղաքացիական և քաղաքական քայլի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի կարծիքով՝ մեր ժողովրդի պատմությունը սա կգնահատի: «Այս իրավիճակն արդեն նոր Հայաստան է, ոչ միայն նոր Հայաստան է, այլ նաև օրինակ է շատ ուրիշ երկրների համար, որոնք դուրս են եկել ժողովրդավարության ճանապարհի»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am