ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով. ՌԴ ԱԳՆ

Armenpress 19:26, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Բարդացումներ չպետք է թույլ տալ, քանի որ դա կհանգեցնի իրավիճակի վատթարացման: Ելքը պետք է գտնել միայն բանակցային ճանապարհով»,- ասել է Զախարովան:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը առաջնորդվելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում ստանձնած պարտավորություններով:

«Կա Ռուսաստանի ազգը, կա Հայաստանի ազգը, և հենց այդ ժողովուրդների բարօրության և բարգավաճման առաքելությանն են ծառայում դիվանագետները: Բոլոր աստիճանների դիվանագետները պետք է մտածեն, թե ինչպես մեր երկրները, մեր ժողովուրդները պետք է զարգանան, կառուցեն համատեղ ապագան, հաշվի առնելով մեր պատմական բարեկամական կապերը, որոնք եղել են և կան»,- ասել է Զախարովան:

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ամեն ինչ արել և անում է այդ կապերն ամրացնելու և դեպի ապագա ուղղելու համար:

«Մենք կատարել ենք մեր պարտավորությունները, որոնք առնչվում են Հայաստանի և Ադրբեջանի համար իսկական վերք հանդիսացող տարածաշրջանային խնդրին, մենք ելնելու ենք մեր ստանձնած պարտավորություններից»,- ասել է Զախարովան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am