Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվել են Հայաստանում պետական պատվերով հրատարակված գրքեր

Armenpress 13:07, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը և «Զանգակ» հրատարակչությունն ապրիլի 25-28-ն առանձին տաղավարով մասնակցում են Աստանայի «Կորմե» ցուցահանդեսային կենտրոնում բացված Եվրասիական միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառին։ Հայկական տաղավարում ներկայացված է պետական պատվերով և աջակցությամբ վերջին երկու տարիներին հրատարակված արտադրանքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացվում է նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Դրանով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք պատրաստ են իրենց երկրների լեզուներով հայ գրականություն հրատարակել:  Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի շուրջ 20 երկրից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am