ՀՀ ՔԿ-ն ծառայողական քննություն է նախապատրաստում հավաքում քաղաքական հայտարարություն արած քննիչի նկատմամբ

Armenpress 21:51, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստվում է ծառայողական քննություն ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հարթակ է բարձրացած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի նկատմամբ, որը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ անընդունելի է համարվում քննիչների կողմից քաղաքական գործընթացներին որևէ ձևով միջամտելն ու մասնակցությունը։

Հաղորդագրության մեջ նշված է. «Քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են և ծառայողները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ Քննչական կոմիտեի ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը սահմանում է Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները, ուղղակի ամրագրում է, որ «Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն»։ Վերջիններս իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։

Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հարթակ է բարձրացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը և հանդես եկել քաղաքական հայտարարությամբ։

Անընդունելի համարելով քննիչների կողմից քաղաքական գործընթացներին որևէ ձևով միջամտելն ու մասնակցությունը՝ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստվում է ծառայողական քննություն։

Քննչական մարմինները ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածի համաձայն կոչված են կազմակերպել և իրականացնել մինչդատական քրեական վարույթը, ինչը և կատարել, կատարում և կատարելու է Քննչական կոմիտեն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am