Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր. ՆՈՐ ԽՄԲԱԳՐՄԱՄԲ

Armenpress 19:19, 25 Ապրիլ, 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը կարևորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով: Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am