Երևանում ոստիկանների և բժշկի միջև միջադեպ է գրանցվել. վերջինիս վիճակը բավարար է  

Armenpress 13:42, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանի և ոստիկանների միջև միջադեպ է գրանցվել` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու պատճառով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից:

«Բժիշկը իր պարտականությունները կատարելիս չի եղել, աշխատանքի ճանապարհին ոստիկանների հետ միջադեպ է եղել, քանի որ նա չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Դեպքը տեղի չի ունեցել հիվանդանոցի տարածքում, այլ՝ Հերացու փողոցում: Բժիշկը եղել է քաղաքացիական հագուստով և համազգեստ այդ պահին չի կրել»,- նշեցին հիվանդանոցից և հավելեցին, որ նրա դեմքի հատվածում թեթևակի սալջարդեր կան:

Այս պահին բժշկի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում, և նա գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ից Երևանում ակցիաներ է կազմակերպում՝ դրանք անվանելով քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաներ: Յուրաքանչյուր օր մարդիկ դուրս են գալիս փողոց, փորձում դադարեցնել երթևեկությունը, շարժվում երթերով: Ապրիլի 22-ին Փաշինյանը ձերբակալվել է ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am