Ոստիկանությունը պատրաստ է ապահովել Երևանում երիտասարդների հավաքի բնականոն ընթացքը

Armenpress 12:03, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունն անդրադարձել է ապրիլի 23-ին Երևանում երիտասարդների կողմից կազմակերպվող հավաքներին՝ հույս հայտնելով, որ նրանց կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, երիտասարդները կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են: 

Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը:

Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am