Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը տեսակցել են իրենց ձերբակալված գործընկերներին

Armenpress 18:32, 22 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, որտեղ տեսակցել են ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:

«Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քննչական գործողություն: Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Մանե Թանդիլյանը:

Արարատ Միրզոյանը փոխանցել է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին է:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան, սակայն Էրեբունիում ոստիկանության տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո փորձեց ցույցը ցրել այդ հատվածից:

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am