Լրագրողական կազմակերպությունները համապատասխան քայլեր են ձեռնարկելու հավաքում լրագրողների հետ կապված ցանկացած դեպքի հետ կապված

Armenpress 17:42, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողական կազմակերպությունները հավաստիացնում են՝ հետևելու են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի ընթացքում բոլոր իրադարձություններին և անտարբեր չեն մնալու լրագրողների հետ կապված  ոչ մի միջադեպի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 20-Ին կայացած ասուլիսում այս մասին փաստեցին կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Լրագրողական կազմակերպությունները շարունակելու են շատ ուշադիր հետևել գործընթացին: Անտարբեր չենք մնալու լրագրողների իրավունքների, աշխատանքի խոչընդոտման հետ կապված ոչ մի փաստի նկատմամբ: Եվ դա ոչ միայն հանրայնացնելու ենք, այլ նաև հակազդման քայլեր ենք ձեռնարկվելու»,-ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանի կարծիքով՝ հավաքի ընթացքում լրագրողների աշխատանքի խոչընդոտման տարբեր դեպքեր են եղել:  «Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնությունները մենք դեռ երեկ հայտարարությամբ դատապարտել ենք: Սակայն այսօր առավոտյան նույն լրագրողի նկատմամբ կրկնվեց ոստիկանների կողմից ուժի կիրառումը և ոստիկանական մեքենայի մեջ մտցնելը: Հետո ոստիկանությունն ասաց, որ շփոթմունք է եղել»,-ասաց Մելիքյանն ու հավելեց, որ եթե լրագրողն իր բեյջով է ներկայանում, չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ:

Նրա խոսքով՝ ճնշումները ցանկացած դեպքում ֆիքսվում և տեղ են գտնում իրենց զեկույցներում՝ անկախ նրանից՝ ճնշում իրագործողը իշխանության, ընդդիմության ներկայացուցիչ է, թե՞ շարքային քաղաքացի: «Անհնազանդությունը որոշ օրենքներ կարող է խախտել: Մենք համարում ենք, որ հավաքի մասնակիցների «Հանրային ռադիոյի» շենք ներխուժելն ու անհապաղ եթեր պահանջելը, նաև դուռ կոտրելը իրավունքի խախտում են: Սակայն, Փաշինյանը, հասկանալով՝ ինչ է եղել, ներողություն է խնդրել և պատրաստակամություն հայտնել փոխհատուցել: Իրավապահ մարմինները ևս շատ օպերատիվ կերպով են գործել, արդեն կան ձերբակալվածներ»,-նշեց Մելիքյանը:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի կարծիքով՝ ցանկացած իրավիճակում լրագրողներին բռնության ենթարկելը կամ նրանց աշխատանքը խոչընդոտելը անթույլատրելի են: Սակայն նա նկատեց դրական մի միտում՝ վերջին օրերին լրագրողների կողմից նկատվում է ավելի մեծ ուշադրություն իրենց անվտանգության նկատմամբ: «Լրագրողները սկսել են անհանգստանալ իրենց ֆիզիկական անվտանգության համար: Մենք էլ փորձում ենք աջակցել նրանց»,-եզրափակեց Սարգսյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակը, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ապրիլի 20-ի ժամը 15:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 183 անձ: 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am