Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին

Armenpress 12:19, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը հանդիսանում է Չինաստանի ավանդական և բարեկամ գործընկերը, հայ-չինական հարաբերությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ, անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը,հետևողական կերպով առաջ է ընթանում պրակտիկ համագործակցությունը առևտրատնտեսական, հումանիտար, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում:  Չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հասնի նոր առաջադիմության, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացումը առավել շատ դրական արդյունքներ ապահովի՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ նոր պատասխանատու պետական պաշտոնում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am