Լրագրող Տիրայր Մուրադյանը ահազանգել էր ոստիկանների կողմից բերման ենթարկվելու մասին

Armenpress 11:57, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լրագրող Տիրայր Մուրադյանը իր ֆեյսբուքյան  էջում ահազանգել էր ոստիկանների կողմից ապրիլի 20-ին Երևան-Աբովյան մայրուղուց բերման ենթարկվելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողը գրառում էր կատարել, որ ոստիկանական ծառայողներն իրեն տանում են անհայտ ուղղությամբ:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ լրագրողը բերման չի ենթարկվել: «Նշված վայրից մի քանի մետր հեռավորությամբ նա իջեցվել է մեքենայից: Այս պահին ոստիկանության ծառայողները զրուցում են նրա հետ»,- ասաց Ահարոնյանը:

Ապրիլի 19-ին  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով անձինք ծեծի էին ենթարկել: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բժիշկները լրագրողի մոտ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ քունքի ու ծոծրակի հատվածի վնասվածք էին ախտորոշել:

Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am