Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ

Armenpress 20:53, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նոր ծրագրով նույնպես տնտեսական քաղաքականության կուրսն ուղղված է լինելու արտահանման խրախուսմանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:  «Կառավարության ծրագիր իր մեջ որոշակի թվեր պարունակելու է, մասնավորապես, ամրագրվելու է, որ տարեկան առնվազն պետք է ունենանք 5 և ավելի բարձր տոկոսի տնտեսական աճ: Կարևոր ուղղություն է շարունակելու մնալ արտահանման խրախուսումը, մենք տեսնում ենք, որ կարող ենք ապահովել կայուն տնտեսական աճ՝ ի հաշիվ արտահանման:  Մենք իրավունք չունենք տնտեսական զարգացման տեմպերը թուլացնելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարայանը:

Նրա խոսքով՝ ներդրումային ծրագրերի քննարկման տենդենցը կառավարությունը շարունակում է, հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ցուցանիշները բավականին բարձր են եղել և հուսադրող: «Մեր կանխատեսումներով՝ 2018-ի եռամսյակը նույնպես կփակենք նմանատիպ բարձր ցուցանիշներով»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը՝ Կարայանն ասաց, որ ոլորտում 2017-ին ապահովվել է մոտ 20 տոկոսանոց աճ: «Վստահեցնում եմ, որ 2018-ի առաջին կիսամյակում ևս խոսելու ենք զարգացման մասին»,- ասաց նախարարը:

2017 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական աճ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am