Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն

Armenpress 18:54, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ նշել. «Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ բնագավառներում»:

Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է Նախագահ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել է երեկ Հանրապետության նախագահի կողմից 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման մասին օրենքի ստորագրումը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրագործվող ծրագրերի, դրանց արդյունավետության բարձրացման, առաջնահերթությունների և նոր ծրագրերի նախանշման վերաբերյալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am