Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին

Armenpress 17:36, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից, ուղերձում ասվում է.

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այդ բարեկամությունը ամրապնդվել է ինչպես համատեղ խաղաղ աշխատանքով, այնպես էլ համատեղ պայքարով: Դրա վառ վկայություններից են 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը, որոնց 100-ամյակը նշում ենք այս տարի։  Նոր տարում մաղթում եմ ձեզ հաջողություններ և ամենայն բարիք: Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր տարի»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am