«Ես ունեմ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացման գերնպատակին». Սերժ Սարգսյան

Armenpress 13:14, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունը կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Այսօր այս ամբիոնի մոտ կանգնած է ոչ անհատ քաղաքական պետական գործիչ Սերժ Սարգսյանը,  ոչ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու: Այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը: Ես այստեղ եմ, նախ և առաջ, որպես իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար, հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում: Կրկնվեմ՝ կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունը կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև»,-ասաց Սերժ Սարգսյանը:  

Նա ընդգծեց, որ պատրաստ է լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է պառլամենտական մեծամասնության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը:

«Ես իսկապես ունեմ այդ աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացման գերնպատակին: Այս իրականությունն է, որ ինձ ստիպում է լինել քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի, մեր դեպքում՝ քաղաքական կոալիցիայի, համախմբման կենտրոնում: Մեր երկրի զարգացման այս փուլի մարտահրավերների համակողմանի գիտակցումն է, որ պարտադրում է լինել հանրության քվեն ստանալու համար ներկայացրած քաղաքական ծրագրի իրականացման առաջին գծում»,-ասաց  Սերժ Սարգսյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am