«Ես նման հանրապետական չեմ տեսել». Արմեն Աշոտյանը՝ Ազգային ժողովում գիշերելու վերաբերյալ լուրերի մասին    

Armenpress 13:01, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը բացառում է այն, որ այսօրվա իրադարձությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների շարունակությունն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նա այս մասին ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, որ այս մի քանի օրերի գործողությունների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներն են»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացիների համար ամենակարևորը համերաշխություն պահպանելն է երկրի ներսում:

 Հարցին, թե ինչ կմաղթի նոր վարչապետին, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Չեմ սիրում մաղթել, մինչեւ իրադարձությունը տեղի չունենա: Ժամանակից շուտ չեմ շնորհավորում»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ականները գիշերել են Ազգային ժողովում, պատգամավորն ասաց, որ նման հանրապետականի չի տեսել: «Ես  Ազգային ժողով  ժամանել  եմ սովորականի պես, նորմալ»,- եզրափակեց նա:

Ապրիլի 17-ին՝ ժամը 12-ին, մեկնարկեց Ազգային ժողովի հատուկ նիստը, որի շրջանակում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am