Աբովյան փողոցից հավաքի մասնակից մի քանի երիտասարդի բերման ենթարկեցին

Armenpress 11:56, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի Աբովյան փողոցի Ավ. Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող հատվածից ոստիկանները բերման ենթարկեցին հավաքի մի քանի մասնակցի։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Աբովյան փողոցում ծեծկռտուք տեղի ունեցավ ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև։   

Ոստիկանությունը հայտարարել է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ։ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբակային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում։

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը նման իրավիճակում ոստիկանությանը լիազորում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը: ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ են արել հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am