Կենտրոնի երթևեկությունը կրկին կաթվածահար է եղել. Նիկոլ Փաշինյանը շարունակում է երթը

Armenpress 10:49, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ  Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 17-ին վաղ առավոտից մի շարք փողոցներ են փակել: Մասնավորապես, Երևանի կենտրոնում փակ են Կորյուն-Աբովյան խաչմերուկը, Աբովյան-Իսահակյան խաչմերուկը, շարունակում է փակ մնալ Ֆրանսիայի հրապարակը, Բաղրամյան պողոտան: Հավաքի մասնակիցներն առավոտից փակել էին նաև Խանջյան փողոցից Տիգրան Մեծ տանող ճանապարհը, որտեղ ծեծկռտուք տեղի ունեցավ վարորդներից մեկի և ցուցարարի միջև: Հավաքի մասնակիցները փակել էին նաև Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը, սակայն ոստիկանները բացել են փողոցը` բերման ենթարկելով մեկ քաղաքացու: Առավոտից փակ է նաև Հալաբյանից Հրազդանի կիրճ տանող հատվածը, Պուշկինի փողոցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքի մասնակիցները երթով շարժվում են Երևանի կենտրոնում, նրանք Խանջյան փողոցում են՝ Մանկավարժական համալսարանի մոտ:

Ապրիլի 17-ին վաղ առավոտյան փողոցներ են փակել նաև ոստիկանները: Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան, Դեմիրճյան փողոցը, Պռոշյանի մի հատվածը:

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ  Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել  բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել են հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ գրանցվեց: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am