ԱԻՆ-ը «Ոսկու աշխարհ»-ում արձանագրել է մի շարք հակահրդեհային թերություններ

Armenpress 19:25, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, այսօր ստուգումներ են սկսվել «Վաղարշ և որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի շինության տարածքում:

Ստուգման արդյունքում ընկերությանը կտրվեն կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Կարգադրագրերը հանձնելուց որոշ ժամանակ հետո կիրականացվի կրկնակի ստուգայց, և եթե պարզվի, որ թերությունները վերացված չեն, այդ դեպքում տնտեսվարողը կենթարկվի վարչական տույժի:

Զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում նաև ՀՀ բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կարգադրագիր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է տնտեսվարողներին «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն ապահովել հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am